Տրիխոմոնիազ (անվտանգ սեքս)



Տրիխոմոնիազ

Տրիխոմոնիազը լայնորեն տարածված սեռավարակներից է, որի դեպքում ախտահարվում է միզասեռական համակարգը: Տրիխոմոնիազի հարուցիչը տրիխոմոնադ փոքր մակաբույծն է, որը կարող է գոյատևել թե՛ մարդու օրգանիզմում (միզասեռական համակարգում) և թե՛ օրգանիզմից դուրս (սերմնահեղուկում, մեզում, ջրում, խոնավ սպիտակեղենում և այլն, որտեղ մինչև 25 ժամ կարող են պահպանել կենսունակությունը): Տրիխոմոնիազով առավել հաճախ վարակվում են կանայք:

Փոխանցման ուղիները

Տրիխոմոնիազը գլխավորապես փոխանցվում է սեռական ճանապարհով, սակայն վարակի փոխանցումը չի բացառվում նաև կենցաղային իրերի համատեղ օգտագործման դեպքում` ընդհանուր սրբիչ, սպիտակեղեն, լոգարան, զուգարանակոնք և այլն: Վարակվելու հավանականությունն առավել մեծ է հեշտոցային, քան բերանային և հետանցքային չպաշտպանված սեռական հարաբերությունների դեպքում: Տրիխոմոնիազը կարող է հիվանդ մորից փոխանցվել երեխային` ծննդաբերության ժամանակ:

Ախտանշանները

Տրիխոմոնիազի ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 4-21 օր հետո: Տղամարդկանց մոտ նկատվում են հետևյալ ախտանշանները` միզելը դառնում է ցավոտ, միզածորանում քոր և այրոց է սկսվում, միզանցքից թափանցիկ, սպիտակավուն կամ մոխրագույն փրփրանման արտադրություն է նկատվում, երբեմն` միայն առավոտյան ժամերին: Ավելի ուշ ցավի զգացում է առաջանում արտաքին սեռական օրգանների (հատկապես առնանդամի գլխիկի) և ուղիղ աղիքի շրջանում: Սերմնահեղուկում կամ մեզի մեջ կարող է արյուն լինել: Կանանց մոտ ախտանշաններն առավել սուր են արտահայտվում: Հեշտոցից նկատվում է փրփրանման դեղնավուն կամ դեղնականաչավուն առատ արտադրություն, որն ուղեկցվում է սուր, նեխած ձկան հոտով: Սեռական օրգանների և շեքի շրջանում քոր, այրոց է սկսվում, խախտվում է դաշտանային ցիկլը, միզելը և սեռական հարաբերությունները ցավոտ են դառնում, որովայնի ներքևի հատվածում տևական ցավեր են սկսվում: Նաև հնարավոր է, որ տրիխոմոնադներն ախտահարեն արգանդը, փողերն ու ձվարանները: Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ ախտանշաններն առավել սուր են արտահայտվում ալկոհոլի չարաշահման, սուր համեմունքներով սնունդ օգտագործելու, ինչպես նաև այլ սեռավարակների (սիֆիլիս, գոնոռեա, խլամիդիոզ և այլն) առկայության դեպքում:

Բուժումը

Երբեմն տղարամարդկանց մոտ ախտանշաններն այնքան նկատելի չեն, նույնիսկ վարակվելուց 1 ամիս հետո դրանք առհասարակ կարող են անհետանալ: Ահա թե ինչու շատերը լուրջ չեն վերաբերվում` կարծելով, թե սեռավարակն ինքնիրեն բուժվել է: Մինչդեռ սեռավարակն ինքնիրեն բուժվել չի կարող: Ավելին` ժամանակին չհայտնաբերելու և չբուժվելու դեպքում տրիխոմոնիազը կարող է քրոնիկական դառնալ, ինչը, ի վերջո, անպտղության է բերում: Ախտորոշումը կատարվում է քսուքի հետազոտությամբ: Նախքան բժշկին դիմելը` առնվազն 3 ժամ առաջ չպետք է միզել և լվանալ արտաքին սեռական օրգանները: Բժշկական հետազոտություն պետք է անցնի թե վարակակիրը, թե նրա զուգընկերը, եթե անգամ վերջինիս մոտ կասկածելի ախտանշաններ չեն նկատվում: Բուժումից 1 ամիս անց կրկնակի հետազոտվելը պարտադիր է:

>>Անվտանգ սեքս

Նախորդը Հաջորդը