Սիֆիլիս (անվտանգ սեքս)

ՍԻՖԻԼԻՍ

Սիֆիլիսը հանդիսանում է սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված քրոնիկական վարակներից մեկը: Այն կարող է ախտահարել մարդու բոլոր օրգաններն ու հյուսվածքները: Սիֆիլիսի հարուցիչը դժգույն տրեպոնեմ կոչվող բակտերիան է, որը 0,2-0,5 միկրոմետր տրամագծով շարժուն զսպանակաձև միկրոօրգանիզմ է: Պատված լինելով հաստ թաղանթով՝ տրեպոնեմը դառնում է դժվար խոցելի բջջակերների և հակամարմինների կողմից: Մարդու օրգանիզմից դուրս կարող է կենսունակությունը պահպանել արտաքին միջավայրի ցածր ջերմաստիճանի դեպքում:

ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Վարակի փոխանցման հիմնական ուղիներն են չպաշտպանված հեշտոցային, բերանային և հետանցքային սեռական հարաբերությունները: Սիֆիլիսը կարող է փոխանցվել նաև մաշկի և լորձաթաղանթի միջոցով հիվանդի հետ անմիջական շփման ժամանակ, ինչպես նաև հնարավոր է վարակվել ախտահարված կենցաղային առարկաները (ափսե, բաժակ, սրբիչ), սպիտակեղենը կամ այլ պարագաներ համատեղ օգտագործելու դեպքում (կենցաղային սիֆիլիս): Վարակը կարող է փոխանցվել նաև արյան մեջ անմիջական ներթափանցման հետևանքով, օրինակ՝ արյան փոխներարկման ժամանակ: Բժշկական միջամտություններ կատարելիս հնարավոր է նաև մասնագիտական վարակում: Հետևաբար, ռիսկի խմբերի մեջ են մտնում նաև բժիշկները, ովքեր կարող են սիֆիլիսով վարակվել անգամ վարակակրի զննման ժամանակ: Սիֆիլիսը կարող է մորից անցնել պտղին: Հղիության 5-րդ ամսում, երբ արդեն ձևավորվում է ընկերքը, տրեպոնեմներն արյան միջոցով ներթափանցում են պտղի օրգանիզմ, ինչի արդյունքում, կարող է ծնվել վարակակիր երեխա:

ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ

Սիֆիլիսն ունի չորս հիմնական փուլ՝ թաքնված, առաջնային, երկրորդային և երրորդային շրջան: Թաքնված շրջանը վարակի՝ օրգանիզմ ներթափանցելուց մինչև առաջին ախտանիշի ի հայտ գալու միջև ընկած ժամանակահատվածն է, որը միջինում տևում է մեկ ամիս, երբեմն՝ 15-20 օր: Այս ընթացքում տրեպոնեմները ներթափանցում են օրգանիզմ՝ ախտահարելով բոլոր հյուսվածքները: Առաջնային շրջանում տրեպոնեմների ներթափանցման վայրում առաջանում է կարմրավուն կամ դեղնավուն կարծր շանկր՝ կլոր կամ ձվաձև, հարթ մակերեսով: Շանկրը հիմնականում տեղակայվում է վարակի՝ օրգանիզմ ներթափանցելու վայրում՝ առանդամի, հեշտոցի և հետանցքի վրա, ինչպես նաև կոնքերի և փորի հատվածում, դեմքի, շուրթերի, լեզվի, պտուկների և մատների վրա: Վարակի հարուցիչները միաժամանակ ներթափանցում են ավշային հանգույցներ: Առաջնային շրջանը տևում է մոտ 8 շաբաթ: Մոտավորապես 6-րդ շաբաթից սկսած մեծանում են սեռական օրգանների շրջանում տեղակայված ավշային գեղձերը: Այս փուլում վարակակիրները գանգատվում են գլխի և մկանային ցավերից, օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, հաճախակի են դառնում դողէրոցքները: Սիֆիլիսի առաջնային շրջանում հատկապես դյուրագրգիռ մարդկանց մոտ նկատվում են նյարդային խանգարումներ և սուր դեպրեսիաներ: Երկրորդային շրջանը բնորոշվում է մաշկի, լորձաթաղանթի, ներքին օրգանների և հենաշարժական համակարգի փոփոխություններով: Այս շրջանում իրար են հաջորդում հիվանդության սրացումները և պասիվ կամ թաքնված փուլերը: Ցայտուն արտահայտվում են ավշային հանգույցների ախտահարումները: Ներքին օրգանների փոփոխությունները դեռևս քիչ են արտահայտված: Ափերին և ներբաններին, ինչպես նաև իրանի հատվածում ի հայտ են գալիս վարդագույն բծեր, որոնք 1-2 ամիս հետո անհետանում են: Սկսվում է թաքնված շրջանը, որը կարող է տևել մեկ կամ մի քանի ամիս: Այնուհետև վարակը սրվում է: Սրացումները կարող են կրկնվել մի քանի անգամ: Սիֆիլիսի երկրորդային շրջանում հնարավոր է օջախային մազաթափություն և մաշկի գույնի փոփոխություն: Այս փուլում նյարդային համակարգի խանգարումներն ավելի խորը բնույթ են կրում. հիվանդն ուշագնաց է լինում, բողոքում է սուր գլխացավերից, մենինգիտից և գլխապտույտներից: Հաճախակի են դառնում նյարդային նոպաները: Չբուժվելու դեպքում նյարդային սիֆիլիսը կարող է կաթվածահար անել վարակակրին: Երրորդային շրջանը կամ ուշ սիֆիլիսը սկսվում է ախտահարումից 3-4 տարի հետո: Այն վարակի վաղ շրջանում չբուժվելու կամ թերի բուժվելու արդյունք է: Սիֆիլիսի երրորդ շրջանը հիմնականում հանդիպում է թմրամոլների և պալարախտով (տուբերկուլյոզով) վարակվածների մոտ: Այս փուլում մարմնի տարբեր հատվածներում առաջանում են հումաներ, խոցեր, թմբիկներ, որոնք չբուժվելու դեպքում միայն տարիներ անց են անհետանում: Այս շրջանում ախտահարվում են երիկամները, սիրտը, լյարդը, ոսկորները, աղեստամոքսային համակարգը: Տեղակայվելով լյարդի մակերեսին՝ հումաներն առաջացնում են հեպատիտ: Նյարդային համակարգի խանգարումներն առավել ծանր բնույթ են կրում. հիվանդը կաթվածահար է լինում, գլխուղեղը դադարում է գործել, սկսվում են հոգեկան շեղումներ:

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ

Վարակի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը: Խստիվ արգելվում է զբաղվել ինքնաբուժությամբ: Ախտորոշումը տալուց հետո բժիշկը նշանակում է բուժման փուլ, որը խիստ անհատական է՝ կախված վարակի փուլից և վարակակրի ընդհանուր առողջական վիճակից: Ներկայումս կիրառվում են բազմաթիվ արդյունավետ հակասիֆիլիսային դեղամիջոցներ, որոնք կանխարգելում են վարակի կրկնությունը: Այնուամենայնիվ, հիվանդը պետք է պարբերաբար հետազոտվի բժշկի մոտ և մինչ վերջնական բուժումը խուսափի սեռական հարաբերություններից: Վարակից զերծ մնալու համար անհրաժեշտ է խուսափել չպաշտպանված սեռական հարաբերություններից, ինչպես նաև հետևել անձնական հիգիենայի կանոններին:

>>Անվտանգ սեքս

Նախորդը Հաջորդը