Գոնոռեա (անվտանգ սեքս)

Գոնոռեա

Գոնոռեան ամենատարածված սեռավարակներից մեկն է, որի հարուցիչը գոնոկոկ բակտերիան է: Գլխավորապես բազմանալով լորձաթաղանթների վրա` գոնոկոկներն ախտահարում են մարդու միզասեռական համակարգը, ուղիղ աղիքը, արգանդի վզիկը, կոկորդը և աչքերը: Գոնոռեայով կարող են վարակվել թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից:

Փոխանցման ուղիները

Սեռավարակի տարածման դեպքերի մոտ 99%-ը կազմում է սեռական ճանապարհը, ընդ որում, հիմնականում, փոխանցվում է հեշտոցային և հետանցքային սեռական չպաշտպանված հարաբերությունների դեպքում: Բերանային սեռական հարաբերությունը նույնպես կարող է վարակման պատճառ դառնալ: Կենցաղային իրերի, սպիտակեղենի, սրբիչի, հագուստի, սպասքի, զուգարանակոնքի և այլնի համատեղ օգտագործման դեպքում` վարակը փոխանցվել չի կարող, որովհետև գոնոկոկները մարդու օրգանիզմից դուրս չեն գոյատևում: Արյան միջոցով վարակվելու հավանականությունը շատ աննշան է, քանի որ, ընկնելով արյան մեջ, գոնոկոկները, որպես կանոն, անմիջապես մահանում են: Ծննդաբերության ժամանակ գոնոռեան կարող է հիվանդ մորից փոխանցվել երեխային` ախտահարելով նորածնի աչքերը: Անհապաղ բուժում չստանալու դեպքում` գոնոռեան կարող է կուրության պատճառ դառնալ:

Ախտանշանները

Տղամարդկանց մոտ ախտանշանները ճանաչելը հեշտ է: Դրանք ի հայտ են գալիս վարակվելու պահից ամենաուշը 1 շաբաթ անց, իսկ երբեմն` հենց հաջորդ օրը: Վարակակրի մոտ առաջանում են տհաճ, ցավոտ զգացողություններ, միզածոր խողովակի և առնանդամի շրջանում սկսվում է քոր և այրոց, միզուկից դեղնականաչավուն կամ դեղնաշագանակագույն արտադրություն է նկատվում, այտուցվում, կարմրում է միզանցքը: Կանանց մոտ ախտանշանները սովորաբար ավելի ուշ են ի հայտ գալիս կամ, առհասարակ, բացակայում են: Եթե անգամ նշաններն ակնհայտ են, դժվար է ճիշտ ախտորոշում կայացնելը. օրինակ, գոնոռեային բնորոշ դեղնասպիտակավուն հեշտոցային արտադրությունը հաճախ շփոթում են կանդիդոզի (կաթնասնկախտ), իսկ միզելիս նկատվող ցավերը` ցիստիտի հետ: Հետևաբար, ինքնուրույն ախտորոշում անելն ու ինքնաբուժությամբ զբաղվելն անթույլատրելի է: Դրանցով պետք է զբաղվեն միայն մասնագետները: Բացի վերոնշյալներից` կանանց մոտ նկատվում են նաև այլ ախտանշաններ` ցավեր որովայնի ներքևի հատվածում, սեռական օրգանների քոր, հեշտոցային թարախանման արտադրություն, իսկ երբեմն` արյունոտ արտադրություն: Աչքերի կամ կոկորդի ախտահարման դեպքում թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց մոտ ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները`

ա) աչքերից եկող դեղնականաչավուն կամ դեղնասպիտակավուն թարախային արտադրություն, թարթիչների կպչունություն և այլն` աչքերի գոնոռեայի դեպքում, բ) լնդերի արյունահոսություն, բերանի տհաճ հոտ, բարձր թքարտադրություն, կոկորդային ցավեր, բերանի խոռոչի կարմրություն և այլն` կոկորդի գոնոռեայի դեպքում:

Բուժումը

Առաջին իսկ ախտանշանների առկայության կամ կասկածի դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ: Ընդ որում` միաժամանակյա բուժում պետք է ստանան վարակված զուգընկերները: Չբուժվելու դեպքում վարակից 2 ամիս հետո հիվանդությունը կարող է քրոնիկական դառնալ: Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ տևական գոնոռեան անպտղության է բերում:

Բուժումը ստանալուց հետո կրկնակի հետազոտումը պարտադիր է:

>>Անվտանգ սեքս

Նախորդը Հաջորդը